2008 թ. Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ամիսներ առաջ մեկնել է Հայաստանից և այժմ բնակվում է արտերկրում: Մինչև մեկնելը նա ակտիվորեն մասնակցում էր ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին ու ակցիաներին, պայքարում էր՝ հանուն իշխանափոխության: irates.am-ի հարցին ի պատասխան, թե երբ կվերադառնա Հայաստան, նա պատասխանեց. «Երբ Սերժ Սարգսյանը չի լինի այլևս նախագահ»: Ի՞նչ կարծիքի է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրի» մասին:
«Ես կողմ եմ այն բոլոր նախաձեռնություններին, որոնք դեմ են իշխանություններին: Ես շատ կուզենայի, որ ընդդիմությունը միավորվեր, որովհետև տարբեր նախաձեռնություններով դժվար է պայքարել իշխանության դեմ»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:
Մեր զրուցակցին հիշեցրինք, որ տարեսկզբին ՆԻկոլ Փաշինյանն ԱԺ-ում առաջարկել էր օրենքի նախագիծ, համաձայն որի՝ պետք է փոխհատուցում տրամադրվեր Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Հիշեցնենք, որ նրանցից ոմանք այս ընթացքում արտագաղթել են՝ ելնելով հենց սոցիալական պատճառներից:
«Ես այս հանցավոր իշխանությունից, որն իշխանության է եկել իմ երեխայի արյան գնով, որևէ սպասելիք չունեմ»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ